Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարտյան իդերը Հայաստանում

Մարտյան իդերը Հայաստանում
20.03.2018 | 00:26

Տարօրինակոտ շաբաթ ստացվեց Հայաստանում` ձյուն էր գալիս, անձրևում էր, արև էր ու քամի: Մառախուղ` մի խոսքով: Հայերը գնացել էին ԱՄՆ, ռուսները եկան Հայաստան, իրանցիները, վրացիները, թուրքերը` Ադրբեջան: Սա` լոկալ մասշտաբներով: Տոտալ մասշտաբով` ռուսներն ու մեծբրիտանացիները միմյանց մեղադրեցին Սկրիպալի մահափորձի մեջ` ներքաշելով ԱՄՆ-ից ԵՄ ու միմյանց դիվանագետներին արտաքսելով, հետո կհասնեն պատժամիջոցների ու գուցե ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու: Գլոբալ մասշտաբի իրադարձությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի նախագահ ընտրությունն էր: Տպավորիչ արդյունքներով: Նախնականը` 77 տոկոս: 6 տարի աշխարհը պիտի մտածի` ի՞նչ անի Պուտինի հետ: Պատժամիջոցների պատժամիջոցնե՞ր հնարի: Պատճառներ գտնի պատժամիջոցները հանելու՞: Թե՞ երրորդ ճանապարհ գտնի` սառը պատերազմն ու սպառազինությունների մրցավազքը բացառող: Բացի Պուտինից` իր չորրորդ հնգամյակը սկսեց Մերկելը: Հեռու հեռվից էլ Սի Ցզինպինն ասաց, որ միշտ մնալու է նախագահ: Համատարած կայունություն` ուր նայում ես:


Եվ այդ համատարածության մեջ Հայաստանում հանկարծ մեծ իրադարձություն է դառնում, որ ՌԴ ԴԺ ԴԽ հանձնաժողովի նախագահի մակարդակով կեսբերան ասվում է` Ռուսաստանն այլևս նախկին մասշտաբներով Ադրբեջանին զենք չի վաճառելու: Եվ չի գտնվում մեկը, որ նրան, ինչպես Ստանիսլավսկին էր սովորեցնում, ասի` «Չեմ հավատում»: Փոխարենը մեկնաբանում են, թե ինչ է ասել, ինչու է ասել, ինչպես է ասել: «ՌԴ-ն արձագանքում է այն իրավիճակին, որ եղավ 2016-ի ապրիլին»` ասել է Կոնստանտին Կոսաչովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ՌԴ-ն դատապարտում ԱՄՆ-ին ՈՒկրաինային զենք վաճառելու համար՝ պնդելով, որ հակամարտող երկրին չի կարելի զենք վաճառել, մինչդեռ ինքը Ադրբեջանին 2011-ից 5 միլիարդի զենք է վաճառել: Ցնցող պատասխան է, չէ՞: 2018-ին Ռուսաստանը արձագանքում է 2016-ի իրավիճակին` 2 տարի էր պետք հասկանալու ակնհայտը: Բայց հասկանալուց հետո էլ Մոսկվան շարունակում է Բաքվին զենք վաճառել` «իրականացնում է պայմանագրերը, որ կնքվել են մինչև 2016-ի ապրիլը»: Ստանիսլավսկին մնում է արդիական: Կոսաչովն իր համար ասաց ու գնաց: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը եզրակացրեց, որ Ռուսաստանն ինչ-որ հետևություններ է անում և գուցե ուրախացավ, բայց հիշեցրեց, որ ոչ միայն 2013-2017-ին է Ռուսաստանը Ադրբեջանի զենքի թիվ 1 մատակարարը, այլև միշտ է եղել:


Արմեն Աշոտյանն էլ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունը հասել է այնքան բարձր մակարդակի, որը թույլ է տալիս մեզ ոչ միայն ասել իրար, այլև լսել միմյանց: Գուցե իրավամբ ֆանտաստիկ նվաճում է, բայց նույնքան էլ ֆանտաստիկ բացահայտում է` ռազմավարական համագործակցություն, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, դարավոր բարեկամություն, եղբայրություն` ընդամենը նշանակել է՝ Ռուսաստանը կասի, մենք կլսենք, և միայն հիմա Ռուսաստանը սկսել է նաև լսել: Բայց դա ոչինչ չի նշանակում` լսելը կատարել չէ: Օրինակ` ՌԴ ԱԳ մամլո խոսնակ Մարիա Զախարովան մարտի 15-ին ասում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվում է մի շարք գործընկերների հետ` խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարածաշրջանի երկրների մասին է: Դա նորմալ է և դիվանագիտական աշխատանքի մաս է»: Որքանո՞վ է «նորմալ, դիվանագիտական աշխատանք» հարցը քննարկել «տարածաշրջանի երկրների հետ»: Մոսկվան Վրաստանի հետ հարցը չի քննարկի, մնում են Իրանն ու Թուրքիան, այսինքն` բացի ԵԱՀԿ Մինսկի խմբից Մոսկվայի համար կա բանակցային այլ ձևաչափ` «տարածաշրջանային»: Եվ դա հակառակ Հայաստանի, որ մշտապես հայտարարում է` հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում է: Աշոտյանն ի՞նչ էր ասում:
Վաշինգտոնում անցած շաբաթ միանգամից երկու նախագահ էին Հայաստանից` ՀՀ ընտրված նախագահ Արմեն Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Դեռ ոչ պաշտոնական այցերով: Իր բազմաթիվ հանդիպումների շրջագծում Բակո Սահակյանը Ազգային շահերի կենտրոնում հանդիպել է գիտնականների ու փորձագետների հետ և նրանց է ներկայացրել Արցախում պետականաշինության գործընթացը, ներքին ու արտաքին քաղաքականությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Նա կարևորել է այդօրինակ հանդիպումները, որ հնարավորություն են տալիս անմիջականորեն ծանոթանալու իրավիճակին և չեզոքացնելու կարծրատիպերը: «ՈՒզում եմ ընդգծել, որ մենք շահագրգռված ենք կայուն կապ հաստատելու առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ, մշտապես խորացնելու և ընդլայնելու, դա դիտարկում ենք միջազգային միտումներն ավելի լավ ըմբռնելու ու հասկանալու, մեր երկրում գիտավերլուծական միտքը զարգացնելու կարևոր ուղղություններից»` ասել է Բակո Սահակյանը: Աշխարհի երկրորդ երկրում, որ պետական մակարդակով օժանդակություն է հատկացնում Արցախին, Բակո Սահակյանն աննախադեպ հայտարարություն արեց` «ԱՄՆ-ի հետ հարաբերությունը Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է», հանդիպումներ ունեցավ Կոնգրեսում, որտեղ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ընդունելություն կազմակերպվեց: «ԱՄՆ-ը մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ և անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ համարելով մեծ հարստություն»` ասաց Արցախի նախագահը: Ի՞նչ են նրան ասել` կմնա անհայտ: Հայտնի է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը պատասխանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքի նոտային Արցախի նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ այցի դեմ, հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ինչպես մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը, չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, աջակցում է Մինսկի խմբի ջանքերին ու կարգավորմանը տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: Այսինքն` ԱՄՆ-ը կրկնում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պնդումը` Ղարաբաղի հակամարտությունն առանձնացնելով Վրաստանի, Մոլդովայի, ՈՒկրաինայի հակամարտություններից, որոնց դեպքում ընդունում է բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքը: Իսկ եթե խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին, կասկածի տակ է դրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Գուցե ինչպես Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը` ԱՄՆ-ում վերջապես կսկսվի «իրողությունները ճանաչելու» ժամանակը նաև Հարավային Կովկասում: Ճանաչելու ու անվանելու: Օրինակ` մարտի 12-17-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում` հակառակորդի հարձակումը հետ մղելու, հակահարվածների միջոցով պաշտպանության գիծը վերականգնելու ու հետագայում լայնամասշտաբ հակահարձակում իրականացնելու առաջադրանքով: Զուգահեռ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում է` Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները կակտիվանան:

«Երբ համանախագահները վերջին անգամ տարածաշրջանում էին, մենք համաձայնեցինք, որ ընտրություններից հետո կշարունակենք բանակցությունները առավել ինտենսիվ ձևաչափով»,- ասել է Մամեդյարովը, հավելելով՝ ԱԳ նախարարների և նախագահների վերջին հանդիպումներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրեատիվ առաջարկներ են ներկայացրել՝ կարգավորումը մեռյալ կետից շարժելու համար: Իսկ Ադրբեջանի նախագահը կոչ է անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ: «Ղարաբաղյան խնդրի չկարգավորման միակ պատճառը Հայաստանն է, որը հրաժարվում է ազատել գրաված տարածքները»,- ասել է Իլհամ Ալիևը Բաքվի 6-րդ միջազգային համաժողովում ու բացատրել. «Այս հակամարտությունը ոչ միայն անարդարություն է, այլև տարածաշրջանում մշտական սպառնալիքի ու անկայունության աղբյուր»:

Չե՞ն հանդիպում իրար Ալիևն ու Մամեդյարովը, թե՞ նպատակային գործում են տարբեր ուղղություններով: Համենայն դեպս` ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Մամեդյարովի հայտարարությունը, ասել է. «Բաքվի գործողությունները, հայտարարությունները մեկնաբանելը այլ ոլորտի հմտություններ է պահանջում։ Ադրբեջանի իշխանություններն ապրում են զուգահեռ իրականությունում»: Իսկապես Բաքուն ունի զուգահեռ իրականություն` Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի ԱԳ նախարարները: Նրանք հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով միմյանց տարածքային ամբողջականությանն ու սահմանների անքակտելիությանը: Ադրբեջանը, Վրաստանը, Իրանն ու Թուրքիան ուզում են ամրապնդել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը: «Այս համատեքստում կողմերը փոխադարձ հարգանքով են վերաբերվում միմյանց տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքների հիման վրա»` հայտարարել են նրանք: Նախարարները քննարկել են նաև Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքի կառուցման հեռանկարը, որով նախատեսվում է Հնդկաստանից բեռները հասցնել Եվրոպա՝ Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և ՈՒկրաինայի տարածքներով: 5 000 կմ ճանապարհը թույլ կտա կրճատել բեռնափոխադրումների ժամանակը` 35 օրվա փոխարեն մեկ շաբաթ: Համարե՞նք, որ այս խաղն էլ տանուլ տվեցինք: Թե՞ հույսներս դնենք Չինաստանի վրա` Մետաքսի մեծ, շատ մեծ ճանապարհի հաշվով, բայց որտեղի՞ց և ու՞ր:

Հավելեմ, որ Բրյուսելը և Բաքուն համաձայնեցնում են ռազմավարական գործընկերության համաձայնագրի քաղաքական մասի բանակցությունների ժամկետները` ասել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Քեստիտուս Յանկաուսկասը։ Կողմերը կբանակցեն մինչ մարտի վերջ։ Մի կասկածեք, որ համաձայնության կգան: Սա էլ է զուգահեռ իրականություն: ՈՒ` ի՞նչ:


Համենայն դեպս` հիշեցնեմ ևս մեկ զուգահեռ իրականության մասին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հայտարարությանը, թե «ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն ընդունել են բանաձևեր, ըստ որոնց հայերը Խոջալուում կոտորած են իրականացրել», ասել է. «Թուրքիայի վարչապետը խոսել է թուրք-ադրբեջանական եղբայրությունից և ասել է, որ Թուրքիան մշտապես լինելու է Ադրբեջանի կողքին: Նա արել է հայտարարություններ, որոնք ավելին քան սուտ, լկտի սուտ և անհեթեթություն ես բնութագրել չեմ կարող: Այո, նա ասել է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, տարբեր միջազգային կառույցներ, հայկական կոտորածները դատապարտում են: Չկա աշխարհում մի միջազգային կառույց և կազմակերպություն, որն ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է որևէ կոտորածի մեջ»: Նրա պնդմամբ` հենց նման պահվածքն է վկայում, որ Թուրքիան անելիք չունի Արցախի հիմնահարցի կարգավորման մեջ. «Թուրքիան սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը»: Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե հայերը տարածքներ պիտի վերադարձնեն, Շարմազանովը առարկել է. «Տարածքներն իրենք պետք է վերադարձնեն, մենք որևէ բան չունենք վերադարձնելու: Թուրքիան ունի բազմաթիվ տարածքներ վերադարձնելու, այդ թվում` նաև այսօր ԵՄ անդամ երկիր Կիպրոսին»: Մինչ մենք պատասխանում ենք երեկվա հայտարարություններին, նրանք խոսում են վաղվա մասին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մարտյան իդերը Հռոմում սպանեցին Գայոս Հուլիոս Կեսարին ու հանրապետության փոխարեն ստացան Օգոստոս կայսրին: Ի՞նչ են բերելու Հայաստանին:

Դիտվել է՝ 2685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ